Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նեթանյահու-Զարիֆ հեռակա մենամարտ Մյունխենում

Նեթանյահու-Զարիֆ հեռակա մենամարտ Մյունխենում
19.02.2018 | 22:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Իրանին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում` հայտարարելով, որ Իրանը «մեծագույն սպառնալիք է աշխարհին»: Նեթանյահուն հավաստել է, որ Իսրայելը «թույլ չի տա Իրանի վարչակարգին ահաբեկչության օղապարանը նետել իր պարանոցին»: Նա զուգահեռ է անցկացրել 1938-ի Մյունխենյան համաձայնագրի հետ, որ համարում են նացիստական Գերմանիային զսպելու ձախողված փորձ, և 2015-ի Իրանի հետ միջուկային համաձայնագրի միջև: Իսրայելի վարչապետը համարում է, որ այդ գործարքը միայն «կապից արձակել է իրանյան վտանգավոր վագրին»: Նեթանյահուն Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին անվանել է «իրանյան վարչակարգի սահուն արտահայտվող խոսափող, որ պերճախոս ստում է»: Նա մեղադրել է Իրանին ԱԹՍ ուղարկելու մեջ, որ իսրայելական տարածքում խփվել է անցած շաբաթ: Թեհրանը մեղադրանքը հերքում է: Ձեռքում ունենալով անօդաչու սարքի բեկորը` նա դիմել է Զարիֆին. «Ճանաչու՞մ եք: Պետք է ճանաչեք: Ձերն է: Մի փորձարկեք մեր համբերությունը»:


Անցած շաբաթ իսրայելյան ու իրանյան զինվորականները առճակատման մեջ մտան` Իսրայելի ավիացիան հարվածեց «իրանական նպատակակետերին» Սիրիայում, երբ իր տարածքում որսաց Սիրիայից արձակված ԱԹՍ-ն: Հարվածի թիրախում դրոնների կառավարման իրանական համակարգերն էին: Գրոհի ընթացքում իսրայելական ինքնաթիռների վրա կրակ բացվեց հակաօդային պաշտպանության համակարգերից: Կործանիչներից մեկը խփվեց և ընկավ Իսրայելի հյուսիսում: Իսրայելցի զինվորականների խոսքով` օդաչուները փրկվել են, բայց վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց: Նեթանյահուն զգուշացրեց, որ Իսրայելը մտադիր է պաշտպանել իրեն «մեր ինքնիշխանությանը խանգարող ցանկացած փորձից»:


Իրանի ու Իսրայելի մրցակցությունը վերջին տարիներին սրվել է տարածաշրջանում անկայուն վիճակի պատճառով, այդ թվում` Իրաքում Սադամ Հուսեյնի գահընկեցության, որ զսպում էր Իրանի ազդեցության տարածումը, և Սիրիայի ռազմական կոնֆլիկտի շարունակման: Իսրայելը Իրանի ու 6 գերտերությունների 2015-ի միջուկային համաձայնագրի գլխավոր հակառակորդն է, որով Իրանից հանվեցին պատժամիջոցները` միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Եվրոպայի երկրների մեծ մասը սատարում է միջուկային գործարքին, բայց առավել հաճախ են լսվում տարածաշրջանում Իրանի ազդեցության տարածումը զսպելու անհրաժեշտության առաջարկներ:


Իրանի զինվորականները 2011-ից մարտական գործողություններ են վարում Սիրիայի հակակառավարական խմբավորումների դեմ: Թեհրանը Սիրիա է ուղարկել ռազմական խորհրդատուների, կամավորների, որոշ տվյալներով` նաև հարյուրավոր պրոֆեսիոնալների Իսլամական հեղափոխության պահնորդների գնդից: Համարվում է, որ Իրանը հազարավոր տոննաներով զենք-զինամթերք է ուղարկել Ասադի զորքերին ու Լիբանանի «Հըզբոլլահին», որ կռվում է Ասադի համար: Թեհրանին մեղադրում են, որ ոչ միայն ձգտում է իր ազդեցության ուժեղացմանը, այլև ուզում է ցամաքային ճանապարհներ ապահովել Իրանից Լիբանանի «Հըզբոլլահին» զենք մատակարարելու համար:
BBC


Հ.Գ. Նեթանյահուն Մյունխենում ելույթ է ունեցել փետրվարի 17-ին, Զարիֆը նրա ելույթի պահին դահլիճում չէր: Հաջորդ օրը նա հայտարարեց, որ Թեհրանը կողմ է Պարսից ծոցում անվտանգության ամրապնդմանը և չի ձգտում տարածաշրջանում հեգեմոնիայի: «Իրանը հավատում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը պահանջում է նոր ճարտարապետություն, մենք պետք է աշխատենք տարածաշրջանն ամրապնդելու ուղղությամբ, ոչ թե պարզապես աջակցենք ավելի ուժեղներին։ Մենք չենք ուզում հեգեմոն դառնալ։ Հեգեմոնների դարաշրջանն արդեն ավարտվել է»,- ասաց Զարիֆը: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է հարգել տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը, դա կայունության նախադրյալ է»։ «Պետք է սկսել երկխոսություն, ոչ թե ճգնաժամի տպավորություն ստեղծել»` Նեթանյահուին պատասխանեց Զարիֆը և հայտարարեց, որ Պարսից ծոցի երկրները պետք է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկեն, որոնք կարող են հանգեցնել չհարձակման մասին համաձայնագրի կնքման. «Մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ են տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցներ՝ համատեղ ռազմական այցերից մինչև զորավարժությունների անցկացման մասին ծանուցելը, սպառազինության և զենքի գնման բնագավառում թափանցիկության միջոցներից մինչև ռազմական ծախսերի կրճատում» ։ «Այս ամենը կարող է հանգեցնել, և ես հուսով եմ, որ դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում, չհարձակման մասին տարածաշրջանային համաձայնագրի»` խոստացավ Զարիֆը։

«Մենք կարող ենք սկսել ավելի պարզ հարցերից՝ տուրիզմից, համատեղ ներդրումներից կամ էլ նույնիսկ համատեղ նպատակային խմբերից, օրինակ, միջուկային անվտանգության ապահովման գծով, ներառյալ՝ շրջակա միջավայրի աղտոտման հարցերը։ Դա կարող է ներառել աղետների հետևանքների վերացումը»,- կարծում է նա։ «Ես Պարսից ծոցի տարածաշրջանում իմ գործընկերներին կոչ եմ անում միանալ Իրանին այս առաջարկի իրականացմանը»` պատերազմի փոխարեն խաղաղություն առաջարկեց Իրանի ԱԳ նախարարը: Զարիֆը կարծում է, որ հավաքական ջանքերն անհրաժեշտ են Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությանը հասնելու համար, այլապես իրավիճակը կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ եթե չլինեն Պարսից ծոցում խաղաղության գծով հավաքական ջանքեր, կարող է քաոս սկսվել և ավելի վատ։ Այդ քաոսը փոխկապակցված աշխարհում շատ արագ կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում»` զգուշացրեց նա։ ԱնդրադառնալովՆեթանյահուի ելույթին` Զարիֆը պարզապես «կրկես» անվանեց և չմեկնաբանեց ոչինչ: «Որոշ հարևաններ այստեղ ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործել են, որ Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնեն,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։ -Այսօր առավոտ մենք շոուի ականատեսը դարձանք, ես կասեի մուլտիպլիկացիոն կրկեսի, որը պատասխանի արժանի չէ»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ